ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Spurnik. ՀԱՊԿ–ի, ԱՊՀ–ի, ՇՀԿ–ի և ԲՐԻԿՍ–ի շրջանակում ինտեգրումը ձախողում է Արևմուտքի նեոգաղութային ծրագրերը։ Այս մասին այսօր Միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Վիկտոր Խրենինը։
«Պետք չէ զարմանալ` ինչու է Բելառուսը ՀԱՊԿ–ի և ԱՊՀ–ի շրջանակում ակտիվ մասնակցում ինտեգրման գործընթացներին, ձգտում ՇՀԿ և ԲՐԻԿՍ։ Պարզապես մենք այդ կազմակերպություններում ժողովուրդների համախմբման հաշվին անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմներ ենք տեսնում։ Մենք նաև տեսնում ենք, որ մեր կողմից ձեռնարկվող ինտեգրացիոն ջանքերը կոտրում են Արևմուտքի ծրագրերը», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Խրենինը։
Այդ առիթով նա նշել է, որ պատահական չեն պետությունների միություններում գժտություններ հրահրելու, դրանց միմյանցից անջատելու, արևմտյան նեոգաղութային վարքագծի մոդելում ներգրավելու փորձերը։
«Նման ձգտումների շրջանակում մեր դաշնակիցներին համագործակցության այլընտրանքային տարբեր ձևաչափեր, տնտեսական և ֆինանսական արտոնություններ են առաջարկվում։ Չեմ կրկնի, թե երկարատև հեռանկարում որքան վտանգավոր է ԱՊՀ–ի, ՀԱՊԿ–ի, ՇՀԿ–ի շրջանակում միասնությունը խաթարելը», – նշել է Բելառուսի պաշտպանության նախարարը։
Նա ընդգծել է, որ աշխարհակարգի կայացման բարդ փուլը նվազագույն ցնցումներով կկարողանան անցնել միայն այն երկրները, որոնք կպահպանեն համախմբվածությունը։ «Այդ է պատճառը, որ մենք առավել հաճախ ենք սկսել խոսել ինտեգրումը խորացնելու անհրաժեշտության մասին», – հայտարարել է նախարարը։
Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։