ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի մեկնաբանում սահմանամերձ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը:
Sputnik Արմենիան դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` հարցնելով, թե արդյոք դիտարկվում է գործարանի տեղափոխման տարբերակը, և արդյոք էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նման առաջարկով։ Եթե այո, ապա արդյո՞ք նախարարությունն այլ, ավելի անվտանգ վայր է առաջարկել։ Մեր այս հարցերին չեն պատասխանել` պատճառաբանելով, որ դա իրենց իրավասությունից դուրս է։
«Ի պատասխան ձեր հարցման` կապված Երասխի մետաղաձուլական գործարանի տեղափոխման հետ, տեղեկացնում ենք, որ ՀՀ օրենսդրության շրջանակներում սեփականատերերն իրենք են որոշում շինարարության վայրը` ելնելով գործունեության նպատակահարմարությունից»,-ասված է պատասխանում։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։ Դրանից հետո երկու բաժնետերերից մեկը` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել էր, որ նման ծրագրեր այս պահին չկան, և «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի։
Ընդ որում, դրանից առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ իշխանությունները կփորձեն ապահովել նախագծի անվտանգությունը:
Հունիսի 13-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Երասխի գործարանի շինհրապարակը, միջադեպերից մեկի ժամանակ վիրավորվել էին Հնդկաստանի երկու քաղաքացի:
Հունիսի 13-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Երասխի գործարանի շինհրապարակը, միջադեպերից մեկի ժամանակ վիրավորվել էին Հնդկաստանի երկու քաղաքացի:
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները: Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին: