Չինական տնային աշխատանք. հոգ ես տանում ծնողներիդ մասին, նրանք էլ քեզ աշխատավարձ են վճարում

Չինաստան
Sputnik
Հաստատ կզարմանաք, եթե ասեմ, որ Չինաստանն ու Հայաստանը շատ նման են։ Բարձր գործազրկություն երիտասարդների շրջանում ու դրան զուգահեռ բազմաթիվ հայտարարություններ՝ «Գործ կա», «Գործ կա»։ Ուղղակի Հայաստանի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ գործազրկությունը ամուր տեղ է գտել մեր գլուխներում, և ալարում ենք նույնիսկ բադրիջան աճեցնել, որ սոված չմնանք։
Այս առիթով միշտ ցանկացել եմ հարցնել իշխանական պատգամավորներին, որոնք ամսական մոտ 1000 դոլար են ստանում առձեռն. «Դուք կարձագանքե՞ք այն հայտարարությանը, որով գործատուն ձեզ ամսական 75 հազար դրամ է առաջարկում օրական 8 ժամ աշխատելու դիմաց։ Կամ կգնայի՞ք արդյոք բադրիջան հավաքելու այն բանջարանոցում, որը գնդակոծության է ենթարկում դիմացի բարձունքում նստած ադրբեջանցին։
Ափսոս, բացարձակ ոչ մի ծանոթ չունեմ իշխանական թիմում։
Ի տարբերություն մեր հայրենի իշխանությունների, Չինաստանի ղեկավարությունը երբեք չի ասում, որ գործազրկությունն իր քաղաքացիների ուղեղում է, ընդունում է սեփական մեղավորությունը և խոստանում շտկել իրադրությունը։ Իսկ իրադրությունն այսպիսին է՝ ամեն հինգերորդ երիտասարդ Չինաստանում այս պահին գործազուրկ է, և միաժամանակ երկրի ձեռնարկություններում կա գրեթե 30 միլիոն թափուր աշխատատեղ։ Կառավարությունը չի էլ հերքում, որ սա հետևանք է այն սխալ քաղաքականության, որը հիմնված է եղել անցյալի հաջողությունների վրա, բայց բոլորովին չի համապատասխանում նոր պայմաններին։ Ո՞րն է այդ քաղաքականությունը։
Հիշո՞ւմ եք 2008 թվականի համաշխարհային ճգնաժամը, որը մեր այն ժամանակվա վարչապետը Հայաստանի համար լրիվ անվնաս համարեց, ինչի հետևանքով մեր տնտեսության անկումը աննախադեպ եղավ։ Չինաստանի կառավարությունը, բնականաբար, այդքան արհամարհական վերաբերմունք չցուցաբերեց, անմիջապես հսկայական գումար՝ 550 միլիարդ դոլար հատկացրեց գյուղերում չքավոր դարձած և քաղաքներ տեղափոխված մարդկանց աշխատանքի տեղավորելու համար։ Նույնիսկ միջազգային ֆինանսական հաստատություններին զարմացրին Չինաստանի իշխանությունների գործողությունների հրատապությունը և արդյունավետությունը։
Դեռ մեկ տարի առաջ Չինաստանի ղեկավարությանը թվում էր, թե նույն եղանակով հիմա էլ հեշտությամբ կհաջողվի լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը։ Բայց պաշտոնյաները հաշվի չէին առել ամենակարևոր հանգամանքը։ Այն ժամանակ գյուղից եկածները պարզապես կռվում էին յուրաքանչյուր աշխատատեղի համար, միայն թե մի կերպ կարողանան պահել իրենց ընտանիքները։ Հիմիկվա գործազուրկ երիտասարդը ասում է՝ 4 տարի սովորել եմ համալսարանում, որ գնամ գործարանում բանվորությո՞ւն անեմ։ Ավելի լավ է՝ տանը կնստեմ։ Այսինքն` չեմ էլ նստի, կաշխատեմ։
Միանգամից ասեմ` խոսքը ամենևին այսպես կոչված հեռավար աշխատանքի մասին չէ։ Այս տարվանից հսկայական արագությամբ տարածվում է տնային աշխատանքի բոլորովին այլ տարբերակ։ Դուք հոգ եք տանում ձեր տարեց ծնողների մասին՝ ճաշ եք պատրաստում, ամաններն եք լվանում, մաքրում եք տունը, դեղատնից նրանց համար դեղեր եք բերում, տանում եք զբոսնելու կամ կինո ու թատրոն, ընկերների հետ սրճարանում հանդիպման, ուղեկցում եք բժշկի մոտ։ Այդ ծառայությունների համար ծնողները կարող են ձեզ վարձատրել ամսական 500-ից 800 դոլար, ինչը, համաձայնե′ք, պատկառելի գումար է ոչ միայն Չինաստանում, այլև Հայաստանում։
Ահագնացող վտանգը ազգերին համախմբում է, մենք տարաձայնություններն ենք ի ցույց դնում
Ու մի′ ասեք՝ այդ ի՞նչ աշխատանք է որ, մենք առանց փողի էլ ենք անում։ ՍիԷնԷն-ի հարցումներին պատասխանելիս «տնային աշխատանքով» զբաղվողները խոստովանել են՝ մենք ազատ ենք միայն այն ժամանակ, երբ ծնողները քնած են։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ տարեց մարդիկ երկար չեն քնում, բայց սեփական տանը վարձով աշխատող երիտասարդներից շատերն ասել են՝ միևնույն է, ավելի լավ է, քան որ համալսարանական դիպլոմը գրպանումս գնամ, ամբողջ օրը հաստոցի առջև կանգնեմ։
Հանկարծ չմտածեք, թե կոչ եմ անում մեզ մոտ՝ Հայաստանում, տարածել չինական այս փորձը։ Համոզված եմ, որ մեր պայմաններում դժվար թե ստացվի։ Ոչ թե այն պատճառով, որ հայ երիտասարդին չի սազում աման լվալով ու արդուկ անելով զբաղվել։ Աման էլ եմ լվացել, արդուկ էլ եմ արել։ Պարզապես չեմ պատկերացնում, թե այդ ինչպես պետք է երեխային կամ թոռանը 500 դոլար աշխատավարձ վճարի հայաստանցի խեղճ թոշակառուն, որն ամսական 100 դոլար էլ չի ստանում։
Հայկական ընտրություններ. մեկն ուզում է ուղղել առյուծի վիզը, մյուսը՝ ձրի դարձնել տրանսպորտը
«Ձեռքերս արյունոտ են». ատոմային ռումբ ստեղծողը պայքարում էր ջրածնային ռումբի մշակման դեմ