Ադրբեջանը փորձում է իրադրության վատացման մեղքը բարդել արցախյան կողմի, ՌԴ խաղաղապահների վրա

Նշվում է, որ Ադրբեջանը, ապատեղեկատվություն տարածելով, հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակում են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախը գտնվում է հումանիտար աղետի վիճակում։
«Իսկ կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով ադրբեջանական կողմը փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ էլ ՀՀ ԱԳՆ–ն էր հայտարարությամբ հանդես եկել, որտեղ ասվում էր, որ վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը։ Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին:
Ավելի ուշ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտնեց, որ ամենօրյա պարեկության ընթացքում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի արձանագրել, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ։