Ադրբեջանը չի կատարում ուղերձները. Միրզոյանը զրուցել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան
Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները ներկայացրել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը` նշելով, որ նախարարների հեռախոսազրույցը կայացել է այսօր։
Ըստ հաղորդագրության` Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ ճգնաժամը կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի:
Նա ներկայացրել է ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար ստեղծված ծանրագույն պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր պակասը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Լաչինի միջանցքով լիարժեք և անխափան գործունեության ապահովման հրամայականը:
Նախարարն անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված դիմումին:
«Ադրբեջանը չի կատարում մինչ օրս միջազգային գործընկերների, կառույցների կողմից բազում հասցեական ուղերձները և, արդեն 8 ամիս արգելափակված պահելով Լաչինի միջանցքը, խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները»,– ասել է Միրզոյանը:
Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմներն արդյունավետորեն օգտագործելու և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:
Նշենք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 15:00-ին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։