ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի վարած ապատեղեկատվական արշավի նպատակներից է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ շեղել միջազգային հանրության ուշադրությունն Արցախում տիրող իրավիճակից ։ X–ի (նախկին` Twitter) իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ադրբեջանական կեղծ տեղեկատվական արշավի նպատակներից է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամից»,– գրել է Բաղդասարյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա օգոստոսի 16-ին։
Նիստին ընդառաջ վերջին երկու օրերին Ադրբեջանը մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածում` իբրև թե հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։