«Զորքերի կուտակումներ չենք տեսնում». ՀՀ–ում ԵՄ դիտորդները հերքել են Բաքվի հայտարարությունը

Արխիվային լուսանկար
Դիտորդները ոչ մի արտառոց շարժ կամ զորքերի կուտակումներ չեն արձանագրել, հատկապես Լաչինի միջանցքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ ամենօրյա պարեկության ընթացքում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի արձանագրել, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Այս հայտարարությամբ նրանք փաստացի հերքում են Ադրբեջանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին Բաքվի հայտարարությունը։ Համապատասխան հաղորդագրությունն առաքելությունը տեղադրել է թվիթերյան էջում։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը «սահմանին մեծ քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում ռազմական արկածախնդրության նպատակով»:
«ԵՄ առաքելությունն ամեն օր հետևում է ռազմական և անվտանգության իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից։ Ելնելով տեղերում առկա տեղեկատվությունից՝ մենք չենք տեսնում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ», - ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ պաշտոնական Բաքվի հայտարարությանը պատասխանել էր նաև Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարելով, որ Ադրբեջանը վերջին օրերին ուժեղացրել է ոչ հավաստի և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը՝ դրանով իսկ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը հումանիտար ճգնաժամից և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված քայլերից: