ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
«Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ:
Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ»,-նշված է ուղերձում:
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։