ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ուղիղ 1 տարի առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատները հորդորում են գոնե մի հուշաքար դնել։ Այս մասին այսօր՝ պայթյունի տարելիցի օրը նրանք զրուցում էին Mediahub–ի հետ։
«Էս դեպքի պատճառով մենակ 4 հոգի իմ ընտանիքից ա մահացել, թող քոնե մի հուշաքար դնեն»,– նշել է «Սուրմալուում» 1 տարի առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 դստերն ու 2 թոռանը կորցրած Մարատ Շարբաթյանը։
Առևտրի կենտրոնի աշխատակից Մարտիկ Սարգսյանն էլ շեշտել է, որ այնպիսի պայթյուն էր այդ օրը եղել, որ իր տարածքի դուռը փակվել էր, հնարավոր չէր անգամ դուրս գալ, ծուխը շատ էր։ Սարգսյանն էլ այդ պահին կնոջ, որդու և ընկերոջ ընտանիքի հետ է եղել տարածքում։ Անձամբ ինքն այրվածքներ է ստացել, մինչ օրս սպիները դեռ երևում են։
Առևտրի կենտրոնի աշխատակիցները նշում են, որ մինչ օրս պետական աջակցություն չեն ստացել, չնայած նրանք սպասելիք էլ չեն ունեցել։
«Դե կողքի շենքերի շինարարությունը տեսնում ենք, հասկանում ենք, որ շուկան հնարավոր է փակվի։ Վաղը կլինի, թե այլ օր, չգիտենք, բայց հասկանալի է ամեն ինչ արդեն»,– ասել է աշխատակիցներից Մուշեղ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 17 մարդ է մահացել։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 5 մեղադրյալ կա, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը` փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: