ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Մ-1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ այս գիշեր տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։ Այս մասին հայտարարություն է տարածել Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը` «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն։
Նրանք հայտնել են, որ վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է։
«Շինարարական աշխատանքներ իրականացվող ճանապարհահատվածներում երթևեկության արագությունը և անվտանգության միջոցները սահմանվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցված է ՆԳՆ-ի հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։