ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Երևանում գործող «Արև» սուպերմարկետում հայտնաբերել են ժամկետանց արտադրատեսակներ ու ոչնչացրել դրանք։ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տեսչական մարմինն արագ արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ ահազանգին ու գնացել դրա հետքերով։
Ըստ ահազանգի` Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք` հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
«Արագ արձագանքելով հաղորդագրությունը` ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել «Էրիռուս» ՍՊԸ-ին պատկանող իրացման օբյեկտում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած արտադրատեսակներ՝ 2 հատ թեյ, մոտ 2 կգ բաստուրմա, եփած և ապխտած երշիկներ՝ մոտ 16 կգ ընդհանուր քաշով, վետչինա և սալ՝ ընդհանուր մոտ 2 կգ, 4 հատ էներգետիկ ըմպելիք և հյութ, մոտ 3,5 կգ պանիր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնից քաղաքացիներին հորդորում են պահանջատեր լինել և պիտանիության ժամկետի, սանիտարահիգիենիկ նորմերի, պատշաճ փաթեթավորման խախտումներ նկատելու դեպքում ահազանգել 118 թեժ գծով կամ գրել ՍԱՏՄ–ի սոցցանցային էջերին։