ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Նիգերիում իշխող «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» (CNSP) ղեկավար, գեներալ Աբդուրահման Տչիանին «կանաչ լույս» է տվել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) հետ բանակցություններ սկսելու համար: Տեղեկությունը հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի նոր վարչապետ Լամին Զեյն Ալի Մահամանին։
Նրա խոսքով՝ Նիգերի նոր ղեկավարությունը «լավատեսորեն» է նայում առաջիկա օրերին տարածաշրջանային դաշինքի ներկայացուցիչների հետ բանակցությունների մեկնարկին:
Նիգերի զինվորականները հուլիսի վերջին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել էին նախագահ Մուհամեդ Բազումին իշխանությունից հեռացնելու մասին: Արևմտյան երկրների մեծ մասի առաջնորդները և «Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնք» տարածաշրջանային կազմակերպությունը դատապարտել են հեղաշրջումը: