Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկի նոր ալիք է սկսվել, բոլոր հաստատությունները փակ են

Ավազամրրիկի նոր ալիքը Իրանի հարավ-արևելքում գտնվող հինգ քաղաք է գրավել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգներում ավազամրրիկի նոր ալիք է գրանցվել, բոլոր առևտրային և պետական հաստատությունները փակ են: Գործում են միայն բժշկական հաստատությունները։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը։
«Փոթորկի նոր ալիքը կրկին ծածկել է Սիստան և Բելուջիստան նահանգները, ներառյալ Զաբոլ, Զաակ, Համոն, Հիրմանդ ու Նիմրուզ քաղաքները, որոնք գտնվում են նահանգի հյուսիսում, փոթորկը շարունակվում է արդեն մեկ օր», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Սիստան և Բելուջիստան նահանգի ճգնաժամային կառավարման շտաբը որոշել է փակել նահանգի 5 քաղաքների բոլոր առևտրային ու պետական գրասենյակները, բանկերը, բացառությամբ բժշկական և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող կազմակերպությունների:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները, հղում անելով Սիստան և Բելուջիստան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի ղեկավարի տեղակալին, հայտնել էին, որ անցած հանգստյան օրերին ավազամրրիկի վերջին ալիքի հետևանքով տուժել է առնվազն 733 մարդ: