ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը

ՎաղարշակՀարությունյունյան
Վաղարշակ Հարությունյանն ու Միխայիլ Գալուզինն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը հայտնել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թթ. պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում` բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության առաջմղումը և տնտեսական կապերի ամրապնդումը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։