Գյումրի–Երևան ճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորներից մեկը ՌԴ քաղաքացի էր

Գյումրի–Երևան ճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսը
Այս պահին քննարկվում է Գյումրու բուժկենտրոնում մնացած երկու տուժածներին ևս մայրաքաղաք տեղափոխելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսում 17 անձ է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Մահացած ուղևորներից մեկը ՌԴ քաղաքացի էր, ազգությամբ հայ»,– ասաց մարզպետը։

17 անձանցից 11-ը մահացել են, մեկին հենց գիշերն են տեղափոխել Երևան` թիվ 1 համալսարանական կլինիկա, մյուս 5–ին` «Գյումրի» ԲԿ։ Տուժածներից 3-ին այսօր առավոտյան տեղափոխել են մայրաքաղաքի բուժկենտրոններ, 1-ին` «Աստղիկ» ԲԿ, 2-ին` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն։
«Այս պահին Գյումրի ԲԿ տեղափոխված տուժածներից միայն երկուսն են շարունակում մնալ բուժհաստատությունում։ Մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր, երկուսն էլ տղամարդ են»,– նշեց մարզպետը։
Նա հավելեց, որ այս պահին քննարկվում է նաև Գյումրիում մնացած երկու տուժածներին տեղափոխելու հարցը։
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։