ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրով Երևանում այս տարի նախատեսված շուրջ 40 կմ գազատարի 26 կմ արդեն կառուցվել է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Արեյանը նշեց, որ նորաստեղծ հաղորդուղին աննախադեպ է իր ծավալով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կանցկացվի 25 կմ գազատար, սակայն ծավալն ընդլայնվել է նոր նախաձեռնություններով։
«Այդ 26 կմ–ը կառուցվել է 5 ամսում և հուսադրող է, որ մինչև տարեվերջ մենք այս ծրագիրը ամբողջությամբ կավարտենք։ Բարդ ծրագիր է, անցնում է քաղաքաշինական գոյություն ունեցող միջավայրով` երթևեկ, հետիոտն, առաջանում են անհարմարություններ, բայց այն մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիր է, սոցիալական ուժեղ հասցեականություն ունեցող, նոր կառուցապատված բնակֆոնդի պահանաջարկը բավարարող ծրագիր է երևանցիների համար»,–ասաց քաղաքապետի խորհրդականը։
Արեյանը հավելեց, որ սա լավագույնն է լուծելու ձևավորված ամբողջ պահանջարկը, որի առջև կանգնած են երևանցիները և կառուցապատողները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում խոշորամասշտաբ կառուցապատման հետևանքով գազասպառման ծավալները կտրուկ ավելացել են, և գազամատակարարման եղած ցանցը չի բավարարում։ Առաջարկվող նախագծով 4 ուղղությամբ կկառուցվեն գազատարներ ու գազաբաշխիչ կայաններ։ Դրանք կիրականացվեն փուլերով. 1-ին փուլում` Երևանի հյուսիսարևելյան հատվածում, 2-րդ փուլում` հարավարևմտյան, 3-րդ փուլում՝ հարավային և 4-րդ փուլում՝ արևելյան հատվածում։ Ծրագիրը կսկսվի 2024թ–ի հունվարից և կավարտվի 2026թ–ի դեկտեմբերին։