Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերից ամենաերիտասարդը 18 տարեկան է

Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարը
Միկրոավտոբուսի վարորդը մահացել է, իսկ «ZIL»–ի վարորդը հիվանդանոցում է, վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից ամենատարիքովը 56 տարեկան է, ամենաերիտասարդը` 18։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը զոհերի վերաբերյալ թարմացված տվյալներ է հրապարակել ։
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են միկրոավտոբուսի ուղևորներ 21-ամյա Մ․ Է․-ն, 41-ամյա Լ․ Ք․-ն, 18–ամյա Ե․ Փ․-ն, 27-ամյա Ն․ Ա․-ն, 21-ամյա Հ․ Դ․-ն, 24-ամյա Ա․ Մ․-ն, 50-ամյա Բ․ Թ․-ն, 45-ամյա Ա․ Հ․-ն, 51-ամյա Ա․ Մ․-ն և 56-ամյա Ա․ Մ․-ն։
Մահացածների թվում է նաև «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի 35-ամյա վարորդ Մ.Մ.–ն։
Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ բուժկենտրոն են հոսպիտալացվել տուժածներ 27-ամյա Մ. Գ.-ն, 34-ամյա Լ. Ղ.-ն, 33-ամյա Հ. Պ.-ն («ZIL» մակնիշի բեռնատարի վարորդ) , 38-ամյա Պ. Ա.-ն, 23-ամյա Է. Ք.-ն և 39-ամյա Է. Ս.-ն: Վերջինս տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել «Volkswagen» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները։
Ընդգծվում է, որ «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «ZIL»-ը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
ՔԿ–ից տեղեկացնում են, որ «ZIL»–ի վարորդի վիճակը գնահատվում է ծանր, և նա ի վիճակի չէ ցուցմունք տալ:
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։