Բա որ ՄԱԿ-ը հարցնի՝ դուք ձեզ համար հստակեցրե՞լ եք, թե ինչ եք ուզում մեզնից Արցախի հարցով

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ. Արխիվային լուսանկար
Sputnik
Հենց Հայաստանը վերջապես դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, խնդրելով արտահերթ նիստ գումարել և քննարկել Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը, միանգամից էլ ակտիվացավ հոռետեսների ստվար բանակը՝ ոչ մի բան էլ չի անի այդ անգործունյա մարմինը, հո զորք չե՞ն ուղարկելու, որ ավտոմատներով ու նռնականետներով քշեն ադրբեջանցիներին միջանցքից։ Մի կողմից, այս ակնհայտ անկումային տրամադրությունը շատ դժվար է հասկանալ՝ եթե դիմելու հնարավորությունն ունենք, ինչո՞ւ չօգտագործենք այն։ Լավ, ասենք՝ օգուտ չտվեց, բայց վնասը ո՞րն է։
Մյուս կողմից, այս մոտեցումը լիովին բացատրելի է՝ կներե՛ք, մինչև հիմա բացի հորդորներից ու կոչերից որևէ բան լսե՞լ ենք միջազգային կազմակերպություններից։ Այո՛, ճիշտ եք, Եվրամիությունը տասնյակ դիտորդներ է ուղարկել Հայաստան, բայց նրանք իսկի մեր սահմաններին տիրող իրավիճակի մասին ձայն չեն հանում, լուռ հետևում են, թե ինչպես են ադրբեջանցիները հերթական անգամ գնդակոծում մեր տարածքները, կրակում դաշտ դուրս եկած գյուղացիների կամ սահմանի մոտակայքում կառուցվող ամերիկյան գործարանի բանվորների վրա, ուր մնաց՝ Լաչինի միջանցքով կամ Արցախով զբաղվեն։ Բայց ախր, հարցը բոլորովին այլ է ու սկզբունքային՝ ինչ հնարավորություններ ունի Անվտանգության խորհուրդը, և մենք ինչ ենք ակնկալում նրանից։ Իսկապես, բա որ ՄԱԿ-ը հարցնի՝ դուք ինքներդ ձեզ համար հստակեցրե՞լ եք, թե ինչ եք ուզում մեզնից, ի՞նչ ենք պատասխանելու։
Եթե մեր գլխավոր ու հիմնական նպատակն ընդամենը այն է, որ Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում քննարկի հարցը, դա մեղմ ասած, տարօրինակ է. մի քանի ամիս առաջ՝ դեկտեմբերին, Անվտանգության խորհուրդը քննարկեց Արցախի շրջափակման հարցը, լիքը հաճելի հայանպաստ ելույթներ լսեցինք, ոգևորվեցինք։ Ի՞նչ եղավ հետո։ Շրջափակումը սաստկացավ, Ադրբեջանը սահմանային անցակետ բացեց, իսկ հիվանդների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան վտանգավոր դարձավ, քանզի պարզվեց, որ ադրբեջանցիները ցանկացած հիվանդի կարող են ճանապարհի կեսից տանել Բաքվի բանտը։
Այնինչ, Անվտանգության խորհրդի հնարավորությունները շատ են ու բազմազան։ Ժամանակ չկա բոլորը թվարկելու։ Բայց քանի որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորել և պահանջել է, մեջբերեմ, «անցնել գործնական քայլերի», պարզապես նշեմ այդ գործական քայլերից մի քանիսը՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության։ Ուրեմն այսպես՝ Անվտանգության խորհուրդն իրավասու է քննարկելու ցանկացած իրավիճակ և առաջարկներ ներկայացնելու նման վիճահարույց իրավիճակները հաղթահարելու նպատակով։ Սա մենք արդեն անցել ենք՝ Անվտանգության խորհուրդը առաջարկում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Արցախի շրջափակումը, Բաքուն թքած ունի։ Ինչո՞ւ։ Շատ ճիշտ եք՝ բոլոր երկրներում կան ԴԱՀԿ-ներ, այսինքն դատական ակտերի հարկադիր կատարման մարմիններ, որոնք ստիպում են ձեզ անպայման ենթարկվել դատարանի վճռին, ՄԱԿ-ը նման ԴԱՀԿ չունի։ Ուստի հենց ինքը պիտի ստիպի։ Ինչպե՞ս։
Առաջին՝ Անվտանգության խորհուրդը կարող է կոչ անել ՄԱԿ-ի անդամ երկրներին տնտեսական պատժամիջոցներ և այլ միջոցներ ձեռնարկել՝ ագրեսիան կանխելու կամ դադարեցնելու համար։ Եվ երկրորդ՝ Անվտանգության խորհուրդը ռազմական գործողություններ է նախաձեռնում ագրեսորի դեմ։ Անկեղծ ասեք՝ դուք հավատո՞ւմ եք, որ ՄԱԿ-ի անդամ երկրները կարող են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Խոստովանեմ՝ ես էլ չեմ հավատում։ Պարզապես չեմ պատկերացնում այն պետությունների ցուցակը, որոնք Արցախի պատճառով ցանկանան փչացնել հարաբերությունները Բաքվի և անձամբ Իլհամ Ալիևի հետ։ Նկատե՛ք՝ մեզ անընդհատ հորդորում են ավելի ու ավելի խորացնել դեմոկրատիան, մենք էլ հպարտորեն հայտարարում ենք, թե ժողովրդավարության բաստիոն ենք դարձել՝ ակնկալելով, թե ա′յ, հիմա արդեն միջազգային հանրությունը մեզ լավ աչքով կնայի, այնինչ, այդ միջազգային հանրության աչքը նավթի ու գազի վրա է, իսկ դրանք որտե՞ղ են, շատ ճիշտ եք՝ հարևան բռնապետի երկրում։
Լավ, ենթադրենք նույնիսկ, որ Անվտանգության խորհուրդը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Ադրբեջանի նկատմամբ, բայց Ադրբեջանը մեծ եղբոր՝ Թուրքիայի և բազմաթիվ մահմեդական պետությունների, առաջին հերթին Պակիստանի օգնությամբ հաջողությամբ հաղթահարեց այդ պատժամիջոցները։ Դիմենք ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի 42-րդ հոդվածին, որտեղ ասված է, որ եթե առանց ուժի կիրառման չհաջողվեց շտկել իրավիճակը, Անվտանգության խորհուրդը կարող է դիմել ռազմական միջոցների, որոնք ներառում են, մեջբերեմ, «ուժի ցուցադրում, շրջափակում և այլ գործողություններ՝ ՄԱԿ-ի անդամ երկրների օդային, ծովային և ցամաքային ուժերի մասնակցությամբ»։
Չեմ ուզում վիճաբանություն սկսել այն մասին, թե որքանով են իրական այս բոլոր հեռանկարները։ Հանրության մակարդակով այս թեմայի քննարկումը երևանյան սրճարաններում, սոցիալական ցանցերում և խոհանոցներում աշխուժորեն շարունակվում է, բայց ես կուզեի իշխանությունների պաշտոնական կարծիքն իմանալ՝ դո՞ւք ինչ եք ակնկալում։ Մինչև այժմ միայն մեկ պատասխան ենք լսել՝ գործնական քայլեր։ Միգուցե վերջապես սկսեք անկեղծորեն խոսել ժողովրդի հետ, ինչպես խոստանում էիք այն ժամանակ, երբ պետք էր ընտրվել։
ՄԱԿ-ի ԱԽ–ն պետք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ–ում հումանիտար աղետը կանխելու համար