ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ուկրաինացի գործընկերոջը` Դմիտրի Կուլեբային, Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի մահվան առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը նաև նշել է, որ իրենք նույնպես միանում են ցավակցական խոսքերին։
Հիշեցնենք` օգոստոսի 13-ին` ժամը 20:17-ի սահմաններում, Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են մի քաղաքացու, որը լողալիս անհետացել է։ Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սևանա լճում խեղդված քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն է