Առաջիկա օրերին Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու

Հաց գնած կին. արխիվային լուսանկար
Հիմնադրամը խնդրում է հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։
«Պատկան մարմինները հնարավորինն են անում խնդիրն արագ շտկելու համար, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի»,– ասված է հաղորդագրությունում:
Հիմնադրամը խնդրում է հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։