ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 14֊ին ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող ամրաշինական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ ծառայությունը` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։
«Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը, հրադադարի խախտումների և քաղաքացիական օդանավերը ՌԷՊ միջոցներով թիրախավորելու Արցախի ՊԲ֊ին հասցեագրված բացարձակապես սուտ մեղադրանքները նպատակ ունեն շեղել միջազգային ուշադրությունը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանք նաև միտված են հիմնավորելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և տեղեկատվական հենք ստեղծել ապագա սադրանքների համար։
Ադրբեջանական կողմն ապատեղակատվություն է տարածում նաև Հայաստանի հետ կապված։
Միայն օգոստոսի 14–ին ՀՀ ՊՆ-ն 2 անգամ հերքեց Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունները` նշելով, որ ՀՀ ԶՈւ–ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։