ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում՝ Ժլոբին քաղաքում ընթացող սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականից 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հասել է եզրափակիչ, որտեղ ուժերը պետք է չափեր Տաջիկստանը ներկայացնող Դիվոշտիչի հետ, սակայն վերջինս չի ներկայացել մենամարտին: Բորիս Շատվերյանին գրանցվեց հաղթանակ, ու Հայաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ԱՊՀ խաղերում:
Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ երկրորդ խաղերի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ մեդալակիր՝ հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ Սուրեն Հարությունյանը, բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 140-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։