Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր
ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող Սուրեն Հարությունյանը մեր պատվիրակության 7-րդ մեդալն է նվաճել։
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սուրեն Հարությունյանը վստահ հաղթանակներ էր տոնել ադրբեջանցի և ղրղզ մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով զիջեց ռուս մրցակցին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ մեդալակիր՝ հրաձիգ Նարե Գաբրիելյանը, բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 140-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։