Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության առաջին տասնյակը

Արտակ Զեյնալյան
Հատկանշական է, որ ցուցակի գոնե առաջին տասնյակում բացակայում է այդ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի անունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրություններում իր թեկնածուների ցուցակը։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Առաջին համարը արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, նրան հաջորդում են Սարգիս Մադաթյանը, Անի Խաչատրյանը, Տիգրան Տեր–Մարգարյանը, Ռոմիկ Մխիթարյանը, Գոհար Բալդրյանը, Հայկ Սահակյանը, Մհեր Բեջանյանը, Նելլի Ղարդյանը և Արմեն Մկրտչյանը։
Հատկանշական է, որ ցուցակի գոնե առաջին տասնյակում բացակայում է այդ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի անունը։
Հիշեցնենք, որ այսօր ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է։ Օգոստոսի 12-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 8 կուսակցություն էր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» և «Հաղթանակ» կուսակցությունները։
Նշենք, որ օգոստոսի 3–ից մեկնարկել է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտևի 10 օր և կավարտվի օգոստոսի 13-ին: Օգոստոսի 23-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։
Հավելենք, որ մինչ այս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: