ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Իսպանիայի ոստիկանությունը Եվրապոլի և Գերմանիայի ոստիկանության հետ համատեղ հանցավոր ցանց է վնասազերծել, որը 2.5 մլն դոլար է վաստակել սիրիացի ապօրինի միգրանտների հաշվին։ Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը` հղում անելով Իսպանիայի ոստիկանության հայտարարությանը։
«Ազգային ոստիկանության գործակալները Եվրապոլի և Գերմանիայի դաշնային ոստիկանության հետ համագործակցությամբ Իսպանիայում հանցավոր կազմակերպություն են ոչնչացրել, որն ապօրինի կերպով զբաղվում էր սիրիացի միգրանտներին Իսպանիա, Գերմանիա, Նորվեգիա տեղափոխելով։ 19 մարդ է ձերբակալվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԶԼՄ–ների տվյալներով` միգրանտներից յուրաքանչյուրը 20 հազարական եվրո էր վճարում երթուղին անցնելու համար։ Նրանք հատում էին սահմանը Սիրիայի և Եգիպտոսի միջև, անցնում Լիբիայով և Թունիսով, այնուհետև Ալժիրի Օրան քաղաք– նավահանգստից նավակներով մեկնում Իսպանիա։
Միգրանտներին հատուկ բնակարաններում էին տեղավորում Մադրիդում, Տոլեդոյում և Կուենկա քաղաքում։ Ավելի քան 350 սիրիացի է ապօրինի գաղթել այս հանցավոր ցանցի օգնությամբ։