Զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում. ՔԿ

Քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ ՊՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գառնիկ Վարդանի Խնկոյանը:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:
Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ։
Նշենք, որ օգոստոսի 11–ի առավոտյան ՊՆ–ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 10-ին չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Ժորա Կարապետյանը։
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են ծառայակիցները։
Ըստ ԶԼՄ–ների` մահացած զինծառայողները նույն զորամասից էին, ծառայում էին Արարատում։