ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին «Լուսին-25» ավտոմատ կայանը կատարել է Լուսնի ուղղությամբ թռիչքի առաջին պլանային շտկումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռոսկոսմոսին»։
«Այսօր «Լուսին-25» ավտոմատ կայանը, որը ստեղծվել է Ս.Ա. Լավոչկինի անվան գիտաարտադրական միավորումում («Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի մաս է կազմում), իրականացրել է դեպի Երկրի բնական արբանյակ թռիչքի առաջին շտկումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կայանը Լուսնի ուղղությամբ թռիչքի առաջին շտկումն է կատարել
© Роскосмос
«Ռոսկոսմոսից» հստակեցրել են, որ կայանի շարժիչային կայանքը միացել է Մոսկվայի ժամանակով 16.00-ին և աշխատել 46 վայրկյան:
«Սոյուզ 2.1բ» հրթիռը` 50 տարվա ընթացքում առաջին ռուսական լուսնային կայանով («Լուսին-25»), օդ է բարձրացել օգոստոսի 11-ին Մոսկվայի ժամանակով 02.11-ին «Վոստոչնի» տիեզերակայանից։
«Լուսին-25»–ն առաջին կայանը կդառնա, որը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի Հարավային բևեռի տարածքում, որը տեղանքի բարդ ռելիեֆ ունի։ Նախորդ բոլոր կայանները վայրէջք են կատարել հասարակածային գոտում։ Կայանի հիմնական նպատակը լուսնային հողի կոնտակտային հետազոտությունների անցկացումն է` սառույցի առկայությունը ստուգելու նպատակով։
«Լուսին-25»-ը նաև ժամանակակից Ռուսաստանի պատմության առաջին լուսնային կայանը կդառնա։ Երկրի արբանյակ ուղարկված խորհրդային վերջին տիեզերանավն արձակվել է 1976 թվականին և կոչվել «Լուսին-24»։