ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի և ամռան շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվել են ջրի սակավության խնդրին։ Այս մասին Twitter–ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը` իր էջում հրապարակելով ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ ջրի կենսական կարևորության մասին գրառումը։
«Այո՛, ջուրը կյանք է, և ոչ մեկը չպետք է անտեսվի։ Վառելիքի բացակայության պատճառով պոմպերն աշխատում են իրենց հզորության կեսի չափով»,– գրել է Բադալյանը։
Նրա խոսքով` ՄԱԿ-ը, ՊԳԿ-ն և այլ կազմակերպություններ պետք է համախմբեն ջանքերը Լաչինի միջանցքը բացելու հարցում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։