ԼՂ հայերի ձայնը պետք է հասցնել աշխարհին. Օկամպոն դիմել է Քարդաշյանին ու Էսրայելյանին

Լուիս Մորենո Օկամպո
Օկամպոն կրկին ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է որպես ցեղասպանություն դիտարկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Հայոց ցեղասպանության մասին պատմող«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հայության ձայնը հասցնել աշխարհին ու մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։ Նա տեսաուղերձ է հրապարակել Twitter–ում։
«Դուք կարող եք օգնել նրանց, դուք կարող եք նրանց ձայնը հասցնել աշխարհին, քանի որ նրանք այդ հնարավորությունը չունեն»,– տեսաուղերձում ասում է Օկամպոն` հավելելով, որ Բլինկենը կարող է փոխել իրավիճակը, ստիպել դադարեցնել հայերի ցեղասպանությունը։
Նա իր ուղերձին կից գրել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն։
Հիշեցնենք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՄՔԴ նախկին դատախազին` խնդրելով փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Օկամպոն օգոստոսի 9-ին տեսակապով զրուցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Նա փաստել է, որ այժմ Ադրբեջանի կողմից ԼՂ–ում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը։