Հայկական ստարտափը օրգաններ և հյուսվածքներ «տպելու» համար «բիոթանաքներ» է ստեղծում

Էմանուել Ղանդիլյան
Բիոտպագրությունը փոխպատվաստման ապագա տեխնոլոգիաների մաս է կազմում, որտեղ չեն պահանջվի դոնորներ, իսկ օրգանները համատեղելի կլինեն հիվանդների օրգանիզմի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայկական «Foldink» ստարտափը կենսաբանական նյութեր է մշակել օրգաններ և հյուսվածքներ «տպելու» համար։ Այս տեսակի կենսանյութերի արտադրությունը դարձել է առաջինը հանրապետությունում։
Աշխարհում լայնորեն հետազոտվում է փոխպատվաստման նոր տեխնոլոգիան, որտեղ օրգանները կամ մաշկը չեն վերցվի դոնորներից, այլ կստեղծվեն հատուկ 3D-տպիչներով։ Դրանց կենսաբանական «թանաքները» հնարավորինս մոտեցվում են կենդանի հյուսվածքների միջբջջային նյութին (այն «շաղախին», որով մեր օրգանիզմի բջիջները միանում են իրար)։ Այդ մեթոդը երկու մեծ առավելություն ունի. առաջինը` պետք չի լինի դոնորներ փնտրել, երկրորդ` մարդու (կամ կենդանու) օրգանիզմը չի մերժի օտարածին օրգանները (այդ պատճառով դասական փոխպատվաստումից հետո պետք է ընդունել իմունաճնշող պրեպարատներ, որոնք ճնշում են մարդու ընդհանուր իմունիտետը)։
Նոր տեխնոլոգիայի համաձայն` օրգանի մոդելը «տպվում է» միջբջջային նյութից, որը օրգանիզմի համար չեզոք է և իմունային պատասխան չի առաջացնում։ Հետո այդ 3D–մոդելը պետք է «բնակեցնել» հենց տվյալ մարդուց վերցրած բջիջներով (դրանք վերցվում են փոքր քանակությամբ, ապա բազմացվում են)։
«Մեր «բիոթանաքները» կրկնօրինակում են հյուսվածքների միջբջջային նյութի բաղադրությունը և նախատեսված են ցանկացած տեսակի հյուսվածքներ ստանալու համար։ Ապագայում պատրաստվում ենք ստեղծել ավելի սպեցիֆիկ «բիոթանաքներ» մաշկի, սրտի, ոսկրային և այլ հյուսվածքների համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Foldink» ստարտափի հիմնադիր և տնօրեն Էմանուել Ղանդիլյանը, որն իր նախագիծը թիմակիցների հետ ցուցադրել է օրերս կայացած «Sevan Startup Summit»-ում։
Թիմի հիմնադիրներից երկուսը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ասպիրանտներ են (նախորդիվ Ղանդիլյանն ավարտել է Երևանի բժշկական համալսարանը)։ Ստարտափի լաբորատորիան ևս գտնվում է Ֆիզիոլոգիայի ինստիտուտում։
Բիոթանաքների առաջին խմբաքանակներն արդեն փորձարկվել են թե՛ in vitro պայմաններում (ոչ գիտական լեզվով ասած` «կոլբայի մեջ»), թե՛ in vivo` լաբորատոր առնետների վրա. տպված նմուշները իմպլանտացվել են առնետների մաշկի տակ։ Իմպլանտացիայից հետո ստուգվում է դրանց կենսաբանական համատեղելիությունը ընդունող օրգանիզմի հետ։
Բիոտպագրությունն ու բիոթանաքները ամբողջ աշխարհում դեռևս չեն մտել կլինիկական կիրառության մեջ և կիրառվում են գիտական հետազոտությունների համար։ «Foldink»-ի արտադրած «բիոթանաքները» արդեն իսկ իրացվում են տարբեր արտասահմանյան հայտնի լաբորատորիաների կողմից։ Վերջիններս այդ «բիոթանաքով» արդեն կատարել են հետազոտություններ, որոնք ներկայացրել են գիտական ամսագրերում` հոդվածների ծանոթագրություններում նշելով հայկական լաբորատոր նյութերը։
Բրոնզեդարյա մածուն. ՌԴ գիտնականները կօգնեն հասկանալ` ինչով են սնվել հին Հայաստանում
«Դրանցով մենք կատարում ենք նաև սեփական հետազոտությունները, որոնք ևս ապագայում կհրապարակվեն։ Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա դրա հումքը մենք ներկրում ենք, բայց տեսականորեն այն հնարավոր է ստանալ Հայաստանում, այնպես որ հուսով ենք` ապագայում դա ևս կարտադրենք ինքներս», – նշեց երիտասարդ գիտնականը։
Հավելենք, որ 3dprinting.com ոլորտային ամսագիրը դեռևս 2019 թվականին կայքում ստեղծել է բիոպրինտինգի կենտրոնների համաշխարհային քարտեզ, որտեղ այդ ժամանակից ի վեր նշված է նաև Հայաստանը` ի դեմս «Foldink»-ի։
Ինժեներություն` հայկական ձևով. աֆրիկյան մի երկրում ուզում են «Արմաթի» փորձը կիրառել