Ֆրանսիան պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. դեսպան

Օլիվիե Դըկոտինյի
Օլիվիե Դըկոտինյիի խոսքով` Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ֆրանսիան պահանջում է բացել Լաչինի միջանցքով երկկողմանի երթևեկությունը, որպեսզի վերականգնվի մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Մենք ԵՄ-ի հետ շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը»,– հավելել է նա։
Դեսպանի խոսքով` Ֆրանսիան պահանջում է նաև, որ վերականգնվի դեպի ԼՂ նաև գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։