Ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների ուղղությամբ

Զինծառայող
Արցախի ՊՆ–ն տեղեկացնում է, որ հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ժամը14։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։
Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության երկու հաղորդագրություններն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12-ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։