ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մնացականյանը։
Նա իր տեսաուղերձում ներկայացրել է Ադամ Շիֆի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները` նշելով, որ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։
«Քննարկվել է սնունդը թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով հնարավորինս արագ Արցախ հասցնելու հարցը»,– նշել է Մնացականյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկահայերը մի քանի օր շարունակ անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի: Նրանք փողոցներ են փակել, ինչպես նաև նստացույց արել Շիֆի գրասենյակի մոտ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ Շիֆը համաձայնել է հանդիպել բողոքի ակցիա անող ամերիկահայերի հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։