Թոշակառուները և նպաստառուները 1 ամսում գրեթե 5 միլիարդի անկանխիկ գործարք են արել. Փաշինյան

Տարեց կին
Նախորդ տարվա ընթացքում անկանխիկ գործարքների շնորհիվ կենսաթոշակառուները ստացել են մոտ 3 միլիարդ դրամի հետվճար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Այսօր ՀՀ–ում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մեջբերեց Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները։ Ըստ դրա` Հայաստանում վերջին շրջանում դիտվող գնանկման շնորհիվ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ևս նվազել է` կազմելով 34,825 դրամ։ Նա հիշեցրեց, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։
«Կենսաթոշակների հետվճարի համակարգը շատ ակտիվ զարգանում է։ Ըստ էության, 1 տարին լրացավ, ինչ ներդրել ենք այս համակարգը։ Փաստորեն նախորդ 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքները զրոյական մակարդակից դարձել են 37,7 միլիարդ դրամ, այսինքն` 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուները մոտ 100 միլիոն դոլարի անկանխիկ գործարքներ են արել և համապատասխանաբար 3 միլիարդ դրամ հետվճար ստացել»,– նշեց վարչապետը։
Նա հավելեց, որ ամեն տարի այս թիվն ավելանում է։ Միայն հուլիսի տվյալներով` Հայաստանում գրանցվել է կենսաթոշակառուների և նպաստառուների 4 միլիարդ 931 միլիոնի անկանխիկ գործարք և ավելի քան 418 միլիոն հետվճար։
Աննախադեպ գնաճի պայմաններում 2-4 հազար դրամ քեշբեքը թոշակառուի բեռը չի թեթևացնի. տնտեսագետ
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Կենսաթոշակային քարտերով կատարված անկանխիկ գործառնություններից հետվճարի վճարման համակարգը հաստատվել է կառավարության` 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ, գործում է նույն թվականի հուլիսի 1-ից։ 2022թ–ի դեկտեմբերին կառավարությունը որոշեց այն երկարաձգել մինչև 2023-ի հուլիսի 1-ը։
Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվեց. Փաշինյանը` ահազանգերի մասին