Ստամբուլի Գալաթայի կամուրջը կփակեն սեյսմակայունությունը մեծացնելու համար

Գալաթայի կամուրջը
Նախատեսվում է վերականգնել վնասված կոմպենսատորները, փոխարինել ասֆալտը, վերանորոգել մեկուսիչ շերտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստսի – Sputnik. Զբոսաշրջիկներին հայտնի և ամենածանրաբեռնված Ստամբուլի Գալաթայի կամուրջը 40 օրով կփակեն` այն հասանելի թողնելով միայն տրամվայների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ստամբուլի քաղաքապետարանին։
490-մետրանոց բացվող կամուրջը, որը կապում է Սուլթանահմեդ թերակղզին Կարակյոյ շրջանի հետ, Ոսկե եղջյուր ծոցի վրա կառուցվել է 1994 թվականին։
Շինության ամրացման աշխատանքները կմեկնարկեն կիրակի կեսգիշերին և չեն ազդի տրամվայների երթևեկության վրա։ Ինչ վերաբերում է մեքենաներին, ապա տարբեր օրերին տարբեր սահմանափակումներ կկիրառվեն, որոնց մասին քաղաքացիները կծանուցվեն SMS-հաղորդագրությունների միջոցով։
«Վերանորոգման ժամանակ կվերականգնվեն վնասված կոմպենսատորները, որոնց պիտանելիության ժամկետն արդեն ավարտվել է։ Նախատեսվում է փոխարինել ասֆալտը, վերանորոգել մեկուսիչ շերտը, որը կամուրջը պաշտպանում է ծովի ջրի և տեղումների ազդեցությունից։ Վերանորոգման հետևանքով կերկարացվի կամրջի շահագործման ժամկետը, ինչպես նաև կմեծանա սեյսմակայունության մակարդակը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Հյուսիս–Անատոլիական բեկվածքի ճյուղերից մեկը անցնում է Մարմարա ծովով, Ստամբուլի ափերի մոտ։ Գիտնականները Ստամբուլում և Մարմարա ծովի շրջանում ավելի քան 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ են կանխատեսում։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ներկայացրել է երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և հայտարարել, որ դա անխուսափելի է, սակայն հստակ կանխատեսել, երբ կհարվածի տարերքը, անհնար է։ Քաղաքապետարանի հաշվարկներով, 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, շուրջ 4,5 մլն քաղաքացու ժամանակավոր կացարան հարկավոր կլինի։