Սյունիքի Ներքին Հանդ գյուղում 8 հա բուսածածկույթ է այրվել

Ներքին Հանդը սահմանամերձ գյուղ է։ Երեք կողմից Ադրբեջանի զինված ուժերով շրջափակված Ներքին Հանդը մնացել է գրեթե առանց գյուղատնտեսական նշանակության հողերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղին հարակից տարածքում այրվել է 8 հա բուսածածկույթ։ Հայտնում են ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 11-ին, ժամը 13։37-ին, իսկ մեկուսացվել է ժամը 17:31-ին։
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 20 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից»,-նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Ներքին հանդը սահմանամերձ գյուղ է։ Ադրբեջանական ԶՈւ-ն գյուղի շրջանում առաջին անգամ առաջ է եկել 2021 թվականի մարտին։ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի շուրջ 20 քառ. կմ տարածք։
Երեք կողմից Ադրբեջանի զինված ուժերով շրջափակված Ներքին Հանդը մնացել է գրեթե առանց գյուղատնտեսական նշանակության հողերի, ինչի հետ կապված գյուղացիների մեծ մասը վաճառել է անասունները ՝ մնալով առանց եկամտի հիմնական աղբյուրի։