ՌԴ-ում կանխատեսում են վճարային քարտերի նոր, Արևմուտքից անկախ համակարգերի ստեղծում. ԱԳՆ

Ռուսաստանում համարում են, Արևմուտքից անկախ ֆինանսական ճարտարապետության ստեղծումն այլընտրանք չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվան կանխատեսում է վճարային քարտերի նոր համակարգերի ստեղծում, որոնք կախված չեն լինի արևմտյան երկրների ֆինանսական ճարտարապետությունից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին:
«Միաժամանակ զարգացնում ենք վճարային համակարգերի ոլորտում համագործակցությունը բարեկամ երկրների հետ։ Ընդգծեմ, որ այս փուլում գործընկերների հետ համագործակցում ենք ազգային ֆինանսական կարգավորիչների գծով։ Համարում ենք, որ Արևմուտքից անկախ ֆինանսական ճարտարապետության ստեղծումը, որի մաս են կազմելու նաև նոր վճարային քարտային համակարգերը, այլընտրանք չունի։ Միայն այս կերպ մենք կկարողանանք ապահովել գլոբալ տնտեսական կապերի անխափան աշխատանքը և ֆիզիկական անձանց հաշվարկների համար լրացուցիչ հնարավորությունները»,-ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։
ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին առայժմ խոսք չկա. ՌԴ ԱԳՆ
Բիրիչևսկու խոսքով՝ այդ աշխատանքը համակարգված է ընթանում, լուծում պահանջող մի շարք տեխնիկական հարցեր կան։ Բացի այդ, ուղիղ թղթակցային հարաբերություններ են հաստատվում ռուսական և արտասահմանյան վարկային հաստատությունների միջև, ձևավորվում է համապատասխան արժութային զույգերով դրամական իրացվելիության անհրաժեշտ ծավալը։ Նա հավելել է, որ անցած տարվանից սկսած Մոսկվայի բորսայում աճուրդներ են իրականացվում ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային արժույթներով, ընդ որում՝ դրանց առուվաճառքի ծավալները համակարգված աճում են։
ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրենը նշել է, որ վերջին 1,5 տարում իրականացվում է միջազգային հաշվարկների արագացված անցում ազգային արժույթներին:

«Աշխարհի երկրների մեծ մասն աստիճանաբար հրաժարվում են «թունավոր» արժույթների, առաջին հերթին՝ ԱՄՆ դոլարի և եվրոյի օգտագործումից` ձգտելով ապահովել իրենց առևտրատնտեսական և ներդրումային կապերի կայունությունը։ Այս երևույթի պատճառներն ակնհայտ են՝ պատժամիջոցների կամայականությունը և Արևմուտքի շատ երկրների անպատասխանատու մակրոտնտեսական քաղաքականությունը, որոնք խաթարել են վստահությունն ամերիկակենտրոն ֆինանսական համակարգի նկատմամբ»,- պարզաբանել է նա։

Բիրիչևսկին հավելել է, որ ԵԱՏՄ-ն առաջատարների թվում է փոխադարձ հաշվարկները ազգային արժույթների փոխադրելու տեմպերով: Ըստ որոշ գնահատականների` դրանց մասնաբաժինն արդեն կազմում է մոտ 90%, սակայն միասնական արժույթի ստեղծման մասին դեռ խոսք չկա։ Այս փուլում հիմնական աշխատանքը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, կապված է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման, գործող վճարահաշվարկային մեխանիզմների կարգավորման, բորսային առևտրի կազմակերպման հետ: Օրակարգում ազգային ֆինանսական համակարգերի նորմատիվ բազայի ներդաշնակեցման և մերձեցման խնդիրների լայն շրջանակ կա:
Ռուսաստանի մի շարք խոշորագույն բանկեր, այդ թվում՝ «Սբերբանկը» և ՎՏԲ-ն, հայտնվել են արևմտյան որոշ երկրների արգելափակող պատժամիջոցների ցանկում։ Սահմանափակումները ենթադրում են այդ երկրներում բանկերի ակտիվների արգելափակում և նրանց հետ բիզնես վարելու արգելք այդ պետությունների ռեզիդենտների համար:
ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելը հեշտ չէ. Պանկինն ասել է` ինչու
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը ճանաչելու խիզախությունը։ Արևմտյան երկրների ներսում ևս բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։