ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ավագանու ընտրությունների քարոզարշավում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին, թիմակիցների հետ շրջի Երևանի փողոցներով և քաղաքացիներին կոչ անի քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, մինչդեռ կուսակցությունում մի մասն էլ կարծում է, որ Փաշինյանի մասնակցությունը կարող է լրիվ հակառակ ազդեցություն ունենալ:
Թերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլոր պատգամավորները ակտիվորեն մասնակցելու են քարոզարշավին. հիմա բաժանումներ են անում, թե որ պատգամավորը որ վարչական շրջանում է քարոզարշավ անելու:
«Ժողովուրդը» դիմել է ՔՊ նախընտրական շտաբ՝ պարզելու՝ ովքեր են իրականացնելու քարոզարշավը, արդյոք Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցելու է դրան։
«Քարոզարշավի ֆորմատը նոր ենք որոշում, նոր ենք սկսել աշխատանքները, իսկ վարչապետի մասնակցությունը դեռ քննարկվում է»,- պատասխանել են շտաբից:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն։