Մթնոլորտն այն չէ. ԲՀԿ–ն չի մասնակցի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին

Կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը նշել է ընտրությունների չմասնակցելու երկու պատճառ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նա նշել է, որ կուսակցությունը չի պատրաստվում նաև սատարել որևէ քաղաքական ուժի։
«Չեմ թաքցնում` եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ»,– գրել է նա։
Իվետա Տոնոյանը հայտնել է, որ կուսակցությունը նման որոշում է կայացրել, քանի որ այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։
Մյուս պատճառը Արցախի շուրջ տիրող իրավիճակն է։ ԲՀԿ–ում որոշել են, որ հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավեճային և քննարկումային մթնոլորտ։
Հավելենք, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: