ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշսին և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար։ Տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարարի տեղակալի կողմից ընդգծվել է հատկապես խոցելի խմբերի՝ հղի կանանց, տարեցների, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքի ու ապրելու իրավունքը ոտնահարող ծանրագույն իրավիճակը: Կոստանյանն ընդգծել է, որ ԼՂ 120 հազար բնակչությունը փաստացի կանգնած է սովի ու հումանիտար աղետի շեմին:
«Վահան Կոստանյանը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է խախտել Արդարադատության միջազգային դատարանի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, ինչն ի ցույց է դնում ԼՂ բնակչության էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական նկրտումները: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի իրականացմամբ հումանիտար ճգնաժամը անհապաղ կանխելու կենսական հրամայականը»,- նշվում է հաղորդագրությունում։
Նախարարի տեղակալը հիշատակել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքը՝ ընդգծելով Ադրբեջանի օրինախախտ պահվածքի բացարձակ անընդունելիությունը:
Փոխնախարարը Սամուել Ժբոգարին ցավակցել է Սլովենիայում ջրհեղեղի արդյունքում մարդկային զոհերի կապակցությամբ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։