Առաջինը Կենտրոնական ընտրական հանձնաժողով եկավ Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Երևի հիշում եք, որ մի ժամանակ այս քաղաքական ուժի ղեկավարները պնդում էին, թե քաղաքապետի իրենց թեկնածուն է լինելու այն մարդը, որը գիտի, թե ովքեր են տերերը, բայց հետո պարզվեց, որ Ռուբեն Հախվերդյանը քաղաքագլուխ դառնալու միտք չունի։ Այսպես ասենք՝ հայ եվրոպացիները հնչակյանների հետ միասին որոշել են առաջադրել սոցիոլոգ Կարեն Սարգսյանին, որը միանգամից էլ բացահայտեց ընտրվելու նպատակներից մեկը։ Մեջբերեմ. «Մենք մի շարք առաքելություններ ունենք իրականացնելու, մասնավորապես՝ Երևանի զինանշանում մենք ունենք շատ մեծ բացթողում՝ վիզը ոլորած առյուծ։ Մենք եկել ենք՝ այդ վիզն ուղղենք»։
Կարծում եմ` շատ համարձակ հայտարարություն էր, որովհետև մեր չափազանց լուրջ ժողովուրդը այնքան էլ չի սիրում կատակներ անողներին, ժամերով կարող է ստիպել ձեզ բացատրել, թե ինչ ծիծաղելի բան կար դմբո դոցենտի մասին ձեր պատմած անեկդոտում։ Սա սեփական բազմամյա փորձով եմ ասում, որովհետև հրաշալի գիտեմ՝ ամենաանմեղ կատակից հետո էլ առնվազն մի 10 հոգի սկսում է համառորեն տնտղել՝ ի՞նչ նկատի ունեմ, ո՞ւմ շահերն եմ ներկայացնում, որտեղի՞ց եմ փող ստանում և ընդհանրապես՝ ինչո՞ւ հենց հիմա Կալաշնիկովը ձեռքիս առաջնագծում չեմ։ Այնպես որ, եթե քաղաքապետի թեկնածու լինեի, կյանքում չէի համարձակվի կատակ անել։ Միայն շատ լուրջ խոստումներ կտայի։ Օրինակ, որ հասարակական տրանսպորտը լրիվ անվճար կդարձնեմ։
Այո՛, նման հաճելի հեռանկար է նկարագրել թեկնածուներից մեկը՝ Կենտրոնի նախկին թաղապետը։ Իշխող ուժի ներկայացուցիչներից մեկն էլ անմիջապես պատասխանել է՝ իհարկե, կարելի է անվճար դարձնել տրանստորտը, բայց ախր, վարորդներին վճարելու, ավտոբուսներն ու տրոլեյբուսները սպասարկելու, հազար ու մի այլ ծախսերի փողը, միևնույն է՝ ինչ-որ տեղից պիտի գա։ Որտեղի՞ց։ Բնականաբար, պետական բյուջեից, այսինքն, ի վերջո՝ նույն քաղաքացիների հարկերից։ Այ, եթե ձրի տրանսպորտ խոստացողը իր գրպանից տար, դա լրիվ ուրիշ… Լիովին համաձայն եմ իշխող ուժի ներկայացուցչի տրամաբանության հետ, միայն մի հարց՝ իսկ երբ այդ ուժի ղեկավարները ամենաբարձր ամբիոններից հայտարարում են, թե ոչ մի նախկին իշխանություն այդքան մեծ գումար չի հատկացրել Արցախին, որքան իրենք, էդ փողը, կներեք, իմ հարկերից չե՞ն տալիս, իրենց սեփական գրպանի՞ց են տալիս։
Բայց ճիշտ եք, շատ խորացանք։ Վերադառնանք ընտրություններին։ Հայկական ավանդական երեք կուսակցություններից մեկն արդեն տեղեկացրել է՝ երևանյան ընտրություններին չենք մասնակցելու։ Կարող եք համաձայն լինել իրենց բերած հիմնավորումների հետ, կարող եք չընդունել դրանք, բայց մարդիկ գոնե հստակ ասել են՝ մենք փաս։ Շատ ավելի անհասկանալի դիրքորոշում էին որդեգրել հանրապետականները, որոնք տարիներ, կարելի է ասել՝ տասնամյակներ, շարունակ կառավարել են երկիրը։ Եվ այս փորձառու ուժը մինչև վերջին պահը կրկնում էր. «Դեռ չենք որոշել»։ Միանգամից հիշեցի նախկին պատգամավորներից մեկի՝ Աշոտ Ոսկանյանի բերած օրինակը. «Ձեզ այսօր հյուր են հրավիրել։ Երեկոյան ժամը 7-ն է, դուք դեռ չեք որոշել՝ գնա՞լ, թե՞ չգնալ։ Երեկոյան ժամը ինն է, դուք դեռ չեք որոշել։ Երեկոյան ժամը 11-ն է, դուք դեռ չեք որոշել։ Ո՛չ, դուք արդեն որոշել եք՝ դուք չեք գնալու։ Որովհետև 11-ից հետո սովորաբար հյուր չեն գնում»։
Միշտ խոստովանել եմ՝ եթե կինոռեժիսոր լինեի, անպայման մի ֆիլմ կնկարահանեի, անունն էլ կդնեի «Ազգային ընտրությունների առանձնահատկությունները»։ Այդ առանձնահատկություններից մեկը հաստատ գիտեք, այն է, որ թեկնածուներն անընդհատ պնդում են՝ ինձ համար մանդատն ու աշխատավարձը ոչ մի նշանակություն չունեն, ես նախկին աշխատանքում երեք-չորս անգամ ավելին էի ստանում։ Բացարձակ սուտ։ Ափսոս, ժամանակ չկա, թե չէ բաց աղբյուրներից առնվազն մի տասը օրինակ կբերեի, որ մարդը մինչև ԱԺ պատգամավոր դառնալը, ընդհակառակը երեք-չորս անգամ պակաս էր ստանում։ Միայն մեր լրատվամիջոցներից մեկում հրապարակված տվյալները վկայակոչեմ՝ Ազգային ժողովի ներկա խոսնակը այսպես կոչված հեղափոխությունից առաջ պաշտոնապես ամսական ստանում էր ընդամենը 187 հազար դրամ, հիմա նրա աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը։
Սակայն երբ «Մայր Հայրենիք» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանն է ասում, որ իրենք փողի համար չեն ուզում մտնել Երևանի ավագանի, լրիվ հավատում եմ՝ ախր այդ ավագանու անդամները համարյա փող էլ չեն ստանում։ Եվ այնուամենանիվ, երբ մայիսին ձևավորված այդ ուժի ներկայացուցիչները պնդում են, թե իրենց նպատակը ոչ թե մանդատներն են, այլ գործող վարչախմբի հեռացումը, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ամբողջ աշխարհում իշխանափոխությունն իրականացնում են մանդատներ շահելով, մեզ մոտ Հայաստանում ում հարցնում ես, ասում է՝ ես հո մանդատի համար չեմ պայքարում։ Համաձայնե՛ք, մեր ազգային ընտրությունների առանձնահատկություններն իրոք շատ դժվար է հասկանալ։