ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Wyndham Hotels & Resorts աշխարհի ամենամեծ և տեխնոլոգիապես զարգացած հյուրանոցային ցանցերից մեկը 3 հյուրանոց կկառուցի Հայաստանի տարբեր քաղաքներում։ Համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է Երևանում ցանցի և «Green Residential Park» ընկերության միջև։ Առաջին հյուրանոցը կկառուցվի Ծաղկաձորում։
Հյուրանոցային ցանցի` Իսրայելում, Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում զարգացման գծով տնօրեն Սերգեյ Եգորովը շեշտում է, որ նախագծում, ընդհանուր առմամբ, մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են արվելու։
Ծաղկաձորում կառուցվող հյուրանոցը կունենա 380 նոր աշխատատեղ։ Հյուրանոցային համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականի դեկտեմբերին։
Այն նախատեսվում է կառուցել Ծաղկաձորի ճոպանուղուց 3 կմ, Կեչառիս վանքից՝ 1 կմ, օլիմպիական մարզաբազայից՝ 0,3 կմ հեռավորության վրա։
Նշենք, որ հյուրանոցային ցանցն այսօր միավորում է 9200 հյուրանոց աշխարհի 80 երկրներում։