ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանում արդեն 2-րդ անգամ անցկացվող «Նավասարդ» մշակութային–խոհանոցային փառատոնի շրջանակում համագործակցության շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ և իրանցի մասնակիցների միջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանին` ամփոփելով Նավասարդի տոնն ու մշակութային–խոհանոցային փառատոնը։
Մոհամմադ Ալի Քիանի
© Sputnik / Aram Nersesyan
«Առաջարկություններ ենք ստացել, որպեսզի տարբեր աշխատարաններ (workshop) կազմակերպենք: Ցանկությունը եղել է հատկապես ձեռագործ արվեստի բնագավառում։ Մենք արդեն իսկ շատ լավ ու կայացած հարաբերություններ ունենք Հայաստանի հետ մշակույթին առնչվող բոլոր բնագավառներում։ Կարծում եմ, որ պարտավոր ենք դրանք ավելի զարգացնել»,– նշեց Քիանին։
Նրա խոսքով`շուտով Հայաստանի և Իրանի ԿԳՄՍՆ–ների միջև նաև ստորագրվի մշակութային հարաբերություններին ուղղված հայ–իրանական համապարփակ հուշագիրը։ Այն արդեն վերջնական հաստատման փուլում է։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծեց, որ փառատոնը կարողանում է արդեն 2-րդ տարին շարունակ մշակույթի շուրջ համախմբել հայ և իրանցի ժողովուրդներին։
Մեխակ Ապրեսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Նավասարդի» շրջանակում երկրների տաղավարների քանակն էլ (առաջին փառատոնին Հայաստանը` 94, Իրանը` 6, երկրորդին` Հայաստանը 58, Իրանը` 22,– խմբ.) փաստում է, որ տարեցտարի կազմակերպիչները հաջողում են, սակայն դեռ անելիքներ ունեն։
Հիշեցնենք, երեկ` օգոստոսի 10–ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կայացավ հայ-իրանական «Նավասարդ» մշակութային–խոհանոցային 2–րդ փառատոնը։
«Նավասարդ» գաստրոփառատոնն առաջին անգամ անցկացվել էր 2022–ի օգոստոսի 10-11-ը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Երկու երկրների ներկայացուցիչների միջև արիական խոհանոցի համատեղ փառատոն անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է, նպատակը երկու երկրներում հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստներն ու ավանդույթները հանրահռչակելն է։