Գնացեք բակեր, մարդկանց հետ խոսեք. Փաշինյանը խորհուրդներ տվեց գործադիրի անդամներին

ՀՀ վարչապետը նշեց, որ ոչ պաշտոնական այցերով տարբեր մարզերում է եղել վերջին օրերին ու խնդիրներ է արձանագրել, որոնց մասին չի բարձրաձայնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին այսօրվա նիստում խորհուրդ տվեց առանց թիմերի կողմից ծրագրման գնալ բակեր, նստել ու խոսել մարդկանց հետ և լսել նրանց խնդիրների մասին։
«Վերջին օրերին ես մարզերում եմ եղել, և դա` ոչ պաշտոնապես։ Խնդիրներ եմ արձանագրել, որոնք գործնականում ոչ մի զեկույցում և նիստում չեն արձանագրվել։ Դրանցից մեկը կապված է ճանապարհների սպասարկման հետ, ինչը, մեղմ ասած, շատ վատ է։ Հանրապետությունում եզրային գծանշումներ կան, որ 7-8 սմ ավազի տակ են, երթևեկելի հատվածը նորմալ գծանշված չէ։ Ճանապարհային նշաններ էլ կան, որ 1990-ականներից այս կողմ չեն փոխվել։ Օրինակ` Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքին է։ Ճանապարհներին էլ փոսերը բազմաթիվ են։ Մտքներովդ չի՞ անցնում, թե ինչի պետք է ես զբաղվեմ այս հարցերով»,–կառավարության շեշտեց Փաշինյանը։
Նա խորհուրդ տվեց, խնդրեց, այնուհետև հանձնարարեց կառավարության անդամներին ժամանակ առ ժամանակ, առանց ծրագրավորելու, ուղղակի գնալ ու մտնել բակեր, նստել մարդկանց հետ։ Ըստ նրա` այդ ժամանակ շատ հարցեր ի հայտ կգան, որոնք ոչ մի այլ խողովակով չեն պարզվի։
Նիկոլ Փաշինյանի խոսքերին չի վստահում քաղաքացիների 67 տոկոսը. GALLUP–ի վերջին հարցումները
Փաշինյանն ընդգծեց` անգամ համաձայն է, որ կառավարության անդամներն աշխատանքային օրերն օգտագործեն այդ նպատակով։
Վարչապետը շեշտեց` դա պետք է արվի ոչ պաշտոնական հագուստով և, առհասարակ, ոչ պաշտոնական տարբերակով։