ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Չինաստանը հայտարարել է օգոստոսի 12-14-ը Արևելաչինական ծովում զորավարժություններ անցկացնելու մասին: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի ծովային գործերի վարչությանը։
Զորավարժությունները սկսվել են ուրբաթ առավոտյան Չժեցզյան արևելյան նահանգում։ Վարժանքների անցկացման շրջաններում նավագնացության ժամանակավոր արգելք է սահմանվել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ վերջերս CCTV պետական հեռուստաընկերությունը «Երազանքի հետևից» վերնագրով վավերագրական ֆիլմ ցուցադրեց։ Ութ դրվագից բաղկացած ֆիլմը նվիրված էր Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 96-ամյակին և պատմում էր զորավարժությունների մասին, ներկայացնում տասնյակ զինվորների` Թայվանի վրա հնարավոր հարձակման պատրաստակամության մասին հայտարարություններ:
Հիշեցնենք` Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին այցելեց կղզի։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգը, դատապարտեց այդ այցը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն աջակցում է թայվանական անջատողականությանը: