ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն: Այս մասին գրում է «Mundo Deportivo» պարբերականը։
Աղբյուրի համաձայն` «Ռեալ Սոսյեդադն» արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ և այժմ բանակցում է «Դինամոյի» հետ: Ակումբները քննարկում են տրանսֆերի գումարը, վճարման ժամկետները և այլ մանրամասներ։ Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո, գումարած բոնուսները:
Նշվում է նաև, որ «Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանին ընտրել է որպես Դավիթ Սիլվային փոխարինող:
Զախարյանը «Դինամոյի» սան է։ Նա առաջին թիմում հանդես է գալիս2020 թվականից, «սպիտակ-կապույտների» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին: Նախորդ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում տարբեր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանը նորամուտը նշել է 2021 թվականին և ազգային թիմի կազմում անցկացրել 7 հանդիպում: