ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը կոպտորեն խախտում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, ինչը դատապարտելի է։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Դատապարտելի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները, վերացնի շրջափակումը», - գրել է նա։
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր գրառմանը կից ներկայացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հրապարակած տեսանյութը, որտեղ խոսվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։
Նշվում է նաև, որ 400 տոննա մարդասիրական բեռն արդեն 16 օր է՝ հնարավոր չէ հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը տառապում է թերսնուցման և դեղորայքի պակասի պատճառով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։