ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները: Տեղեկանում ենք արտգործնախարարության լրատվական ծառայությունից։
«Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը, ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ, այլև ապրիլին տեղադրած ապօրինի անցակետի միջոցով խաթարում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից առողջական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Միրզոյանը կարևորել է տարբեր հարթակներում ջանքերի համադրման և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հրատապությունը:
Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է այս հարցում իր երկրի մոտեցումը։ Երկուստեք ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման անհրաժեշտությունը։
Միրզոյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ներկայացրել է նաև իռլանդացի գործընկերոջը՝ Միհել Մարտինին։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են, մատնանշվել է մասնավորապես սննդամթերքի, դեղորայքի սուր պակասը։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր այսօրինակ գործողություններով շարունակ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրականացումը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։