Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով

Sputnik
Վահան Վարդանյան, Sputnik Արմենիայի համար
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ գործընթաց: Օգոստոսի 7–ին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ դիվանագետների ամենամյա հավաքի ժամանակ: Այդ հավաքը թուրքական դիվանագիտության գլխավոր միջոցառումն է, որի ընթացքում մատնանշվում են արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները:
Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի համար երբևէ նախապայմաններ չեն առաջադրվել. Միրզոյան
Հաքան Ֆիդանի հայտարարությունը արձանագրումն է այն իրողության, որ չնայած արտգործնախարարի փոփոխությանը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել: Անկարան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով և գլխավոր նախապայմանն այս անգամ Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է՝ Բաքվի պահանջների բավարարումով:
Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու և հայ-թուրքական փաստացի սահմանների իրավական ճանաչման վաղեմի պահանջները կարծես մղվել են երկրորդ պլան: Իսկ պատճառն այն է, որ Արևմուտքի պարտադրած «խաղաղության օրակարգը», որ իրագործում է պաշտոնական Երևանը, միանգամայն համահունչ է Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի նպատակներին: Այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Արցախով հանդերձ, և Սյունիքով դեպի Նախիջևան Ադրբեջանին սուվերեն միջանցքի տրամադրում: Ընդ որում միջանցքի գաղափարի հեղինակային իրավունքն ամենևին էլ Ալիևինը չէ:
Այն առաջին անգամ հրապարակ է բերել ամերիկյան քաղաքագետ Փոլ Գոբլը դեռևս 1992-ի աշնանը` տարածքների փոխանակման հայտնի առաջարկի ձևով: Պարզապես եթե այն ժամանակ ուղղակի առաջարկվում էր նախկին ԼՂԻՄ-ը փոխանակել Մեղրիի շրջանի հետ, այժմ առաջարկվում է միջանցքների փոխանակություն՝ իբր Իրանին և Ռուսաստանին չգրգռելու համար:
Իրանը պատրաստվում է հերթական ղարաբաղյան պատերազմին
Հայաստանի կառավարությունն այսօր պնդում է, թե համաձայնություն չի տա որևէ արտատարածքային միջանցքի առաջարկի: Բայց դա չի նշանակում, թե Անկարան և Բաքուն չեն շարունակելու այս թեզն առաջ մղել: Ավելին՝ հայ-թուրքական «երկխոսության» ողջ գործընթացում, որտեղ Հայաստանն ակնհայտորեն խնդրատուի դիրքերից է հանդես գալիս, երկկողմ խնդիրները Թուրքիային կարծես չեն հետաքրքրում: Անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու կարծես կայացած պայմանավորվածությունը կյանքի չի կոչվում: Թեպետ հայկական կողմը, չգիտես ինչի հույսով, Մարգարայի անցակետի վերակառուցման աշխատանքներ է սկսել, սակայն թուրքական կողմում ոչինչ չի արվում:
Անկարայի համար կարծես թե հրատապ օրակարգային հարց չէ անգամ հայ-թուրքական սահմանի կարգավիճակի հստակեցման հարցը, ինչը նախկինում միշտ առաջնային էր նրանց նախապայմանների շարքում: Որովհետև Ադրբեջանը և Վրաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ին, Անկարայի պահանջով խորհրդարանների հատուկ որոշումներով վերահաստատեցին 1921-ի հոկտեմբերի 13-ի հայտնի պայմանագիրը, ընդ որում՝ անժամկետ: Հայաստանը մինչ օրս դա չի արել, և արդեն 30 տարի հայ-թուրքական փաստացի սահմանի կարգավիճակն անորոշ է:
Անկարան այս փուլում թերևս համարում է, որ Ադրբեջանի պահանջների լիարժեք բավարարումը՝ «Զանգեզուրի միջանցքով» հանդերձ, ավելի կարևոր ու շահեկան է, քան մնացած ամեն ինչը: Որովհետև Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ուղիղ կապի հաստատումից հետո Հայաստանը` որպես պետություն, բովանդակային առումով կդադարի գոյություն ունենալ, և մնացած հարցերը կարելի կլինի լուծել «ավտոպիլոտի» ռեժիմով:
Դրանք կատարվել են․ քաղտեխնոլոգը՝ ՀՀ–ի առջև դրված թուրքական նախապայմանների մասին
Անկարայի և Բաքվի ախորժակն անկասկած կզսպվի Ուկրաինայում ռուսական զորքերի զարգացող հաջողությանը զուգահեռ: Որ Ռուսաստանը կշահի այդ պատերազմը, կասկածից դուրս է: Սակայն մինչ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը Անկարան և Բաքուն՝ Արևմուտքի դրդմամբ, կարող են փորձել ճնշումներով Հայաստանից կորզել ցանկալի զիջումները կամ հրահրել տարածաշրջանում նոր ապակայունացում: