Շատ հեղուկներ խմել. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կոչը շոգ օրերին

Ջուր. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ հատկապես շոգ է լինելու օգոստոսի 10-14-ը` ժամը 13։00-18։00-ն ժամանակահատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հորդորում է ընդունել շատ հեղուկներ` առաջիկա շոգ օրերին ջրազրկումից խուսափելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ցերեկը ժամը 13։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս»,– ասված է հաղորդագրությունում։
Մարդկանց համար օդի հարաբերական խոնավությունը տատանվում է 40-ից 60%-ի սահմաններում: Եթե խոնավության մակարդակը ընկնում է կրիտիկական մակարդակից ցածր, մարդու մաշկը չորանում է և թեփոտվում, շրթունքները ճաքճքում են, աչքերը կարմրում:
Հիշեցնենք, որ ՊՈԱԿ–ն արդեն մի քանի օր է տեղեկացնում է, որ օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հասնելու է +42-ի։